National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
29.06.2022
Պատիժը չպետք է լինի ուշացած, պատիժը պետք է լինի համաչափ. ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյան
1 / 7

Գլխավոր դատախազի պաշտոնն, ընդհանրապես, իրավապահ համակարգում կարեւորագույն, առանցքային նշանակություն ունի: Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ այս պաշտոնին է հավակնում կին թեկնածու: Դատախազության նոր կերպարը, դատախազությունը, որ նախ եւ առաջ կոչված է ապահովելու իրավունքների վերականգնումը եւ պահանջելու արդար դատի իրականացում, կարող է մարմնավորել Աննա Վարդապետյանը. ասել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 29-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում:

Խորհրդարանը քննարկել է գլխավոր դատախազի ընտրության հարցը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը գլխավոր դատախազի պաշտոնում Ազգային ժողովին է առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Աննա Վարդապետյանի թեկնածությունը:

«Գլխավոր դատախազի պաշտոնում նոր մարտահրավերներ են Ձեզ ուղեկցելու, բայց համոզված եմ, որ այդ մարտահրավերները Դուք հաջողությամբ կհաղթահարեք»,- ասել է Վլադիմիր Վարդանյանը՝ համոզմունք հայտնելով, որ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ դատախազական մարմինները հնարավորություն կունենան ստեղծել առավել իրավական Հայաստան:

ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդանյանը ելույթում անդրադարձել է մինչդատական վարույթում առկա խնդիրներին: Մասնավորապես, խոսել է գործընթացների եւ ոչ թե արդյունքների վրա կենտրոնացված արդարադատության, դատարաններում ձգձգված գործերի քննության, ծանրացված վարույթների, ծանրաբեռնվածության մասին: Զեկուցողը մինչդատական վարույթում ձգձգումների լուծման տարբերակ է համարել արդյունավետ դատախազական հսկողության մեխանիզմի իրագործումը: Նա կարեւորել է համագործակցված աշխատանքն ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս՝ ընդգծելով մասնագիտական քննարկումների անհրաժեշտությունը: Թեկնածուի դիտարկմամբ՝ պետք է բացառվի հովանավորչությունը: «Խոսել ժողովրդավարության մասին առանց օրենքի գերակայության, եւ խոսել օրենքի գերակայության մասին՝ ունենալով արտոնյալներ ու հովանավորչություն, ֆանտաստիկ դատողություններ են»,- ասել է Աննա Վարդապետյանը:

Թեկնածուն ներկայացրել է նաեւ հանցագործությունը կանխարգելող մեխանիզմները քրեական գործի հարուցման եւ քննության ֆորմալ մեխանիզմով փոխարինելու իր տեսլականը: Նրա դիտարկմամբ՝ քրեաիրավական իմաստով պատժի արդարացիությունն ունի երկու հստակ չափանիշ: «Պատիժը չպետք է լինի ուշացած, պատիժը պետք է լինի համաչափ: Եւ որպեսզի պատիժը չլինի ուշացած, քրեական արդարադատությունը պետք է լինի արդյունավետ, որպեսզի պատիժը լինի համաչափ, չպետք է լինի հովանավորչություն»,- ներկայացնելով իր բանաձեւումն ամփոփել է Աննա Վարդապետյանը:

Դատախազի թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին: Դրանք վերաբերել են մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարի տեմպերին, ոլորտում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությանը, հափշտակություններից տուժողների իրավունքների պաշտպանությանը,  «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրարկման արդյունավետությանը, իրավական համակարգի կողմից լիարժեք արդարության ապահովմանը, որոշ գործերի քննության ժամկետի երկարաձգման պատճառներին, քննչական գործողությունների կատարման մեխանիզմների արդիականացմանը, Դատախազության եւ օրենսդիր մարմնի միջեւ համագործակցությանը եւ այլն:

Աննա Վարդապետյանի խոսքով՝ Դատախազություն-օրենսդիր մարմին կապը չպետք է սահմանափակվի միայն խորհրդարան հաշվետվությունների եւ տարեկան հաղորդումների ներկայացմամբ: Թեկնածուն կարեւորել է հանձնաժողովների մակարդակով մասնագիտական աշխատանքային քննարկումները:

Ելույթ են ունեցել պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Վիգեն Խաչատրյանը, Վիլեն Գաբրիելյանը, Վլադիմիր Վարդանյանը, Արփինե Դավոյանը եւ Գուրգեն Արսենյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն իր ելույթում նշել է, որ Աննա Վարդապետյանի թեկնածության առաջադրումը կատարվել է ինչպես վերջինիս մասնագիտական որակների ու պրոֆեսիոնալիզմի, այնպես էլ մարդկային արժեքների եւ առաքինության հանդեպ հիմնավոր համոզմամբ եւ վստահությամբ:

Նրա խոսքով՝ հեղափոխությունից հետո հանրության ակնկալիքը գլխավորապես կապված է Հայաստանում արդարության հաստատման հետ: Հայկ Կոնջորյանը նշել է, որ Հայաստանի համար կարեւոր դատաիրավական համակարգի բարեփոխումների այս փուլում, երբ քննարկվում են Վճռաբեկ դատարանի դատավորների, գլխավոր դատախազի ընտրության հարցերը, ընդդիմությունը չի մասնակցում քննարկմանը:

«Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացնում է նաեւ ընդդիմության ընտրողներին, ՀՀ բոլոր քաղաքացիներին: Մեզ համար սկզբունքային է դատաիրավական համակարգի օբյեկտիվությունը, անաչառությունը եւ անկախությունը: Դա մեր հավատամքն է, եւ մենք գնալու ենք այդ ճանապարհով: Ցանկացած շեղում այդ հավատամքից մեզ համար անընդունելի է, եւ մենք, որպես քաղաքական մեծամասնություն եւ ժողովրդի ամուր մանդատի կրողներ, ամեն բան անելու ենք, որ այդ հավատամքն իրագործվի: Մենք պետք է ցույց տանք, որ իշխանության տարբեր թեւերի միջեւ հավասարակշռումը եւ զսպումները հակամարտություն չեն, որ իշխանության տարբեր թեւերի աղբյուրը ժողովուրդն է: Ես ունեմ  հավատամք, որ Աննա Վարդապետյանը, ընտրվելով ՀՀ գլխավոր դատախազ, հավատարիմ է մնալու օրենքի սահմանած առաքելությանը»,-ասել է Հայկ Կոնջորյանը:

Եզրափակիչ ելույթում Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել դատախազության համակարգին ամենօրյա աշխատանքի, Արթուր Դավթյանին՝ հետեւողական եւ ապաքաղաքական մոտեցման, պատգամավորներին՝ ծավալված մասնագիտական քննարկման, սուր հարցադրումների համար: «Ճեպազրույցի ժամանակ, երբ ինձ հարց տրվեց, թե ինչ նշաձող է սահմանվում դատախազության համար, ես պատասխանեցի, որ այն նշաձողը, որը կա, որը սահմանված է ապաքաղաքական, ինքնավար, պրոֆեսիոնալ, հաշվետու լինելու համար, էլ ավելի բարձրացվելու է»,-ամփոփել է ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am